Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Մարդուն ոչինչ չի փրկի, եթե նրա հարստությունը ինքը՝ Աստված չէ

Մարդուն ոչինչ չի փրկի, եթե նրա հարստությունը  ինքը՝ Աստված չէ
25.10.2016 | 09:39

«Եվ Ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկ.16.9):
Սուրբ գրքում նշված բազում կուռքերի անուններից Հիսուս նշում է միայն մամոնայի` դրամի կուռքի անունը` որպես բոլոր ժամանակներում Աստծո աննահանջ հակառակորդի:
Բոլոր կրքերն ու մոլությունները ինչ-որ կերպ հաղթահարելի են, իսկ դրամ կուտակելու մոլուցքը անկարելի է հաղթահարել: Այդ մոլուցքով բռնված են ոչ միայն նրանք, ովքեր արդեն իսկ մեծ կարողության տեր են, այլև չքավորներ, որոնց ցանկություններն ու հնարավորությունները պարզապես իրար չեն համապատասխանում, բայց վայ է, երբ համընկնեն: Թեև կան չքավորներ, որոնց Աստված ինքն է բարձրացնում իր փառքի համար, բայց նրանք ևս, եթե կորցնեն ինքնատիրապետումը, տրվեն դրամի և փառքի գայթակղությանը, թշվառ վախճան կունենան: Նրանք որպես կանոն դառնում են հանցագործներ` գողանալով, զրկելով, սպանելով հանուն փողի: Վիճակագրական փաստ է՝ յուրաքանչյուր հիսուն տարին մեկ սեփականությունը փոխում է սեփականատիրոջը:

Մարդիկ, որոնք շատ անմեղ նպատակներով սկսում են դրամ հավաքել, չեն էլ զգում, թե ինչպես աստիճանաբար դրամն ինքը վերածվում է գերնպատակի, այն աստիճանի, որ մարդիկ այլևս չեն ցանկանում այն ծախսել սկզբնական նպատակով, այլ ցանկանում են այդ դրամով ավելի մեծ շահույթ ստանալ: Սակայն իրենց կուտակածը չեն վայելում նրանց սերունդները: Ըստ Պողոս առաքյալի, կան «մտքով ապականված, ճշմարտությունից հեռացած» մարդիկ, որոնք շահի աղբյուր են համարում անգամ աստվածապաշտությունը: Աստվածապաշտությունը շահի մեծ աղբյուր է նրանց համար, ովքեր գոհ են իրենց վիճակից. ունենք կերակուր և հանդերձներ ու դրանցով էլ բավականանանք: Այդպիսիներին Հակոբոս առաքյալը ասում է. «Ձեր հարստությունը փտած է, ձեր զգեստները՝ ցեցի կեր, և ձեր արծաթն ու ոսկին՝ ժանգոտած. և նրանց ժանգը ձեր դեմ որպես վկայություն պիտի լինի և պիտի ուտի ձեր մարմինը, ինչպես կրակը. վերջին օրերի՛ համար գանձեր դիզեցեք: Մեղկ կյանքով ապրեցիք երկրի վրա և շվայտացաք ու ձեր սրտերը պարարտացրիք մորթվելու օրվա համար» (Հակ. 5.1-5): Հիսուս աշակերտներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժվարությամբ կմտնի Երկնքի արքայությունը:

Ավելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակով մտնի, քան թե հարուստը՝ Աստծո արքայությունը»: Աշակերտները շատ զարմացան ու ասացին. «Իսկ ո՞վ կկարողանա փրկվել»: Հիսուս նրանց նայեց և ասաց. «Մարդկանց համար այդ անկարելի է, բայց Աստծո համար ամեն ինչ կարելի է» (Մատթ. 19.23-26): Ինչքան որ դժվար է պարանը անցկացնել ասեղի «նեղլիկ ծակով», նույնքան դժվարությամբ հարուստը բաժանվում է իր ունեցվածքից: Այն հարուստները, ովքեր հարստությունը դիտարկում են որպես միջոց և ոչ նպատակ, ամեն պահի պատրաստ են հրաժարվելու իրենց ունեցվածքից` հանուն ավելի բարձր գաղափարի, կամ գոնե ավելի խելամիտ կերպով են տնօրինում այն: «Չեք կարող և՛ Աստծուն ծառայել, և՛ մամոնային: Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք...». ավելի գերադասելի է ընկերանա՛լ փողի հետ, քան ծառայե՛լ փողին... Խոսքը այն մասին է, որ դրամը, որը ըստ էությա՛ն անհրաժեշտություն չէ մարդու համար, այլ ըստ հանգամանքների, պետք է ի բարին գործածել` ձեռք բերելով անհրաժեշտը, հոգալով մեզ նմանների կարիքները. չէ որ երբ մարդը դրախտում էր, նա ուներ ամեն ինչ, այսինքն` ամեն անհրաժեշտը, երբ մարդը ուներ ամեն ինչ, նրա ունեցածը շատ չէր, կամ քիչ: Ցավոք, այսօր փողը ասոցացվում է ազատության հետ, մանավանդ երիտասարդների մեջ. նրանք կարծում են, թե սեփական դրամական միջոցներով ավելի անկախ կդառնան, սակայն անկախանալով մեծերից, ընկնում են փողից կախման մեջ, և դառնում են անպատասխանատու, անհարգալից և շվայտ, խոսքը, իհարկե, բոլորին չի վերաբերում:


Հարստությունը չի փրկի հարուստին, եթե նա հարուստ է միայն իր և իր ազգականների կամ աթոռի համար, հափշտակում է, զրկում ու սպանում, աղքատությունը չի փրկի աղքատին, եթե նա չի կարողանում գոհանալ իր վիճակով և... արդյունքում ոչ միշտ է դառնում ունևոր, բայց միշտ դառնում է անիրավ:
Այսօր փողով կարելի է գնել ու վաճառել ամեն ինչ, մարդու մարմինն ու անգամ հոգին: Հիսուս չասաց, թե հարուստը չի մտնի Արքայություն, այլ` դժվարությամբ կմտնի: Այն ունևորները, ովքեր անտարբեր չեն իրենց հոգու փրկության հարցում, թող իմանան. Արքայության դուռը անչափ նեղ է նյութական բարիքներով այնտեղ մտնելու համար, դրանք պետք է տալ ու բաշխել ճանապարհին: «Հարուստ է նա, ով տալիս է, քանզի տալիս է նա, ով ունի, նրան` ով կարիք ունի» (Ղուկ. 21.12): Հարուստ, թե աղքատ` մարդու անմահ հոգին Աստծո ձեռքում է, կալվածքներ ձեռք բերեք Աստծո Արքայության մեջ, անցողիկով ձեռք բերեք անանցը: Տնանկնե՛ր ու չքավորնե՛ր, հետամուտ եղեք առաքինության ու հարստացեք շնորհներով, քանզի մարդուն ոչինչ չի փրկի, եթե նրա հարստությունը ինքը` Աստված չէ:


Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1644

Մեկնաբանություններ